Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£
Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£
Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£
Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£
«Արգինա», – լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®
Աշուն է£ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով£ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս, զիգզագվելով` գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում£
Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ կատուն՝ Չյուչան, իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.