Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

О книге

Автор книги - . Произведение относится к жанрам афоризмы и цитаты, современная зарубежная литература. Оно опубликовано в 2019 году. Книге не присвоен международный стандартный книжный номер.

Аннотация

Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, դյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չվհատվել:

Читать онлайн ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ - Թ Ու Խ Ճ Ա Յ Ը


Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք


Թ Ու Խ Ճ Ա Յ Ը

Նվիրում եմ Քեզ


Միայնակ մի ճայ՝ ճիչը հուսահատ,

Միայնակ մի ճայ՝ բախտը վշտալի ,

Միայնակ մի ճայ, թեպետ և ազատ՝

Այս մեծ աշխարհում, ախ, հանգիստ չունի…

Ալյոնա Ռոստովա


Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հանդիպումը հեշտ էր, բաժանումը՝ անասելի դժվար։

Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։

Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր։ Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում՝ մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում։ Նա հիմա նայում էր այդ ալիքներին ու մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ հիմա երևի ինչ-որ արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, և ձայն – ձայնի՝ ազատ ու հանդարտ պտտվում էին կապտաթույր ջրերի վրա։

Տղան չլսեց խճաքարերի ձայնը։ Նա նայում էր հեռվում, ծովի հեռու խորքում կանգնած միայնակ նավին, որ շողշողում էր իրիկնային արևի ներքո։ Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում։ Տղային էր նայում։ Ի՞նչ է մտածում այդպես, ո՞ւմ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով։ Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ՝ աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա, ուժեղ շուրթերի հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

–Ահա և ես,– ասաց նա իր քաղցրահունչ ձայնով։

Տղան իսկույն շրջվեց, թեպետ նրան սպասում էր սրտի անդիմադրելի հուզումով, բայց շփոթվեց, երբ տեսավ նրան՝ միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով։ Նա լայն ժպտաց՝ կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ։

–Սիրելիս, սիրելիս, սիրելիս,– անդադար շշնջում էր տղան, շուրթերը քսելով նրա սևաթույր մազերին։– Վախենում էի, թե չես գա…

–ինչո՞ւ։– Կինն իր կրակացայտ աչքերով նայեց տղային, միաժամանակ մտածելով այն մասին, որ ինքն անկարող է նրան հանել իր սրտից։– Թե՞ ուզում էիր, որ չգայի,– ավելացրեց նա ժպտալով։

– Ոչ։ Վախենում էի, թե չես գա,– ասաց տղան։ – Որ քեզ չի հաջողվի գալ։ Իսկ ես այնպես էի սպասում։– Նա կնոջ մատները մոտեցրեց շուրթերին. քսում էր շուրթերին, մեկ առ մեկ համբուրելով այդ սառնավուն մատները։– Ինչպե՞ս եկար։


Рекомендации для вас