Ե Ր Բ Ե Ս Չ Ե Մ Լ Ի Ն Ի
Նվիրում եմ քեզ
1.
Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:
Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:
Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:
Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…
Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի Նրանից բացի…
2.
Ե Ր Բ Դ ՈՒ Չ Ե Ս Լ Ի Ն Ի
ՆՐԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՆՁ՝
ՀՂՎԱԾ ԱՐՑՈՒՆՔԻ ՄԻՋԻՑ
Երբ դու չլինես` իրավ, չի փոխվի, ոչինչ չի փոխվի այս մեծ աշխարհում: Արևը կցոլա ինչպես որ առաջ, նույնը կլինի գեղեցկատեսիլ այգը երևի, և վերջալույսի հուրը կշողա մուգ հորիզոնում…
Երբ դու չլինես, գետակը ձորում մունջ կխոխոջա՝ շոյելով գետի քարերը ողորկ, կեռնեխը այնտեղ՝ ձորի պռնկի թավուտ անտառում կըերգի տրտում: Ծաղիկներն էլի առաջվա նման փթթուն դաշտերում կբուրեն դյութիչ, լորը կկանչի հասած արտերում, թիթեռնիկները՝ ոսկյա թևերով, կճախրեն թեթև՝ հուշիկ նստելով նուրբ ծաղիկներին…
Միայն ինձ համար, ախ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, որբացած հոգիս կողբա թաքուն…
Եվ ձեռքերը իմ՝ անզգա, անկամ, կկարկառվեն վեր.
,, Օ ՜, Տեր իմ, Տեր իմ, անսա անձկալի ձայնն իմ աղոթքի, թույլ տուր այն կյանքից՝ ճերմակ ամպերից ու հեռու- հեռու երկնքից անդին, տիեզերական անհունից անծիր, վերադառնալու երկիրն այս լուսե, թույլ տուր քաղցրահունչ ձայնը Իր լսեմ, թույլ տուր, որ տեսնեմ լույսը Իր հոգու, տոչոր շուրթերով հպվեմ այդ լույսին:
Ողորմա ինձ, Տե ՜ր, համակիր եղիր իմ խորունկ ցավին, ես հազար անգամ մեռնում-հառնում եմ կարոտից նրա, թույլ տուր, որ զգամ կյանքի շունչն Իր մեջ, թույլ տուր դառնալու երկիրն այս կրկին՝ որ ծնվենք մեկտեղ, միևնույն ատեն, որ աշխարհ չգա, ինչպես այս կյանքում՝ երեսուն տարի ինձանից առաջ: Օգնիր մեզ, Տեր իմ, վերստին գտնելու մեկս մյուսին, որ չբաժանվեն հոգիները մեր, ու սերը մեր սուրբ, սրտերն անապակ՝ անջատված անգութ փորձություններում, դառնան միաձույլ, մի սիրտ ու հոգի,,: