Նարեկը ոչ թե մտավ, այլ ներխուժե՛ց տուն։ Նա վազեց ոստիկանների միջով, պիտի արագ բարձրացար աստիճաններով, բայց քարացած մնաց տեղում։
_Դու՛րս հանե՛ք դրան,_բղավեց ոստիկաններից մեկը,_ո՞վ է թողել մտնել ներս։
Բայց Նարեկը ոչինչ չէր լսում։ Հազիվ ուժ գտավ, որ չընկնի։
Հյուրասենյակի մեջտեղում ընկած էր փոքր քույրը՝ Արփիկը։ Անբնական ձևով տարածված էին նրա ձեռքերն ու ոտքերը, գլուխը արյունոտ։ Անզոր էր աչքերը կտրել քրոջ մարմնից։ Տե՛ր աստվա՛ծ, Արփիկին ի՞նչ է պատահել․․․ ինչու՞ է այստեղ ընկած․․․ վիրավո՞ր է․․․ թե՞․․․ Ոստիկանը մոտեցավ, որ դուրս հանի իրեն։ Նարեկը չկարողացավ ոչինչ ասել, կոկորդը քոր եկավ․․․ հայացքը խամրեց․․․ ի՞նչ տարօրինակ մթություն է․․․ ո՞վ է լույսը անջատել։ Շուրջը ամեն ինչ պտտվեց։ Ինչու՞ են խոնավանում աչքերը․․․ ի՞նչ էր խոսում այդ զանգողը․․․ ոստիկանություն ու կողոպուտ բառերից հետո ուղեղը ոչինչ չէր ընկալում․․․ ո՛չ, մեկ էլ հիվանդանոց բառն է լսել, բայց մա՛հ բառը չի հիշում․․․
_Քու՞րս․․․ քու՜րս․․․
Լեզուն չպտտվեց խոսքը վերջացնել։ Առաջ մղվեց, բայց ոստիկանը բռնեց, պահեց չթողեց շարժվել։
_Պարոն Սիրունյա՛ն, դու՛րս եկե՛ք։ Հարկավոր չէ՛ ձեզ գտնվել այստեղ ու տեսնել այս ամենը․․․
Ինքը գունատ դեմքով ու դեռևս չմարող հույսով նայեց դիմացինի աչքերի մեջ. ոստիկանի տխուր հայացքը տվեց զարհուրելի պատասխան։
_Արփի՜, ո՜չ,_արցունքները ցայտեցին աչքերից, նա հրեց ոստիկանին ու մոտեցավ քրոջը, ծնկի եկավ նրա առաջ։ Դողացող ձեռքերով ետ արեց նրա երկար մազերը, որ տեսնի դեմքը։ Ձեռքերը արյունոտվեցին։ Արփիկի աչքերը փակ էին։
_Արփի՜կ,_գոռաց Նարեկը։
_Ի՞նչ է եղել աղջկա՛ս։
Երիտասարդը լսեց հոր ձայնը։ Խե՜ղճ մարդ… Նա՛ չի՛ դիմանա՛… Հայրը չպիտի տեսնի Արփիկին։ Նարեկը վազեց հորը ընդառաջ։ Ինչպե՞ս պիտի ասի․․․ ի՛նչ պիտի ասի․․․ Դուրս նետվեց տնից։
_Ի՞նչ է եղել Արփիկին։
_Հայրի՛կ, կանգնի՛ր… մի՛ գնա՛…
Նարեկը կտրեց հորը ճանապարհը։ Կանգնեց աստիճանների վրա։ Բռնեց նրա ուսերից։
_Ու՞ր է աղջիկս,_հուզված ասաց Յոհաննեսը,_ինչու՞ էիր գոռում։ Ես ուզում եմ տեսնել…
_Հայրի՛կ չգնա՛ս։
Նարեկը գրկեց հորը։
_Պապա՛, մի՛ գնա՛ մեջ,_որդին այլևս չէր թաքցնում հորից արցունքները։
_Բա՛ց թո՛ղ… ես պիտի՛ տեսնեմ երեխուս… ի՞նչ է պատահել, որ չես թողնում մտնեմ…
Նա դիմադրում էր ու աշխատում ազատվել որդու բազուկներից։ Բայց որդին ավելի ուժեղ էր սեղմում։
_Հայրի՛կ, Արփին էլ չկա։
_Ի՞նչ ես ասում…չե՛մ հասկանում… ինչպե՞ս… ի՞նչ է պատահել… չե՛մ հավատու՛մ… զավա՛կս․․․ իմ Արփիկը՞… ո՛չ… երբե՛ք…
Յոհաննեսին թվաց, թե ոտքերի տակ հող չկա, թուլացած ընկավ որդու գիրկը։