Լրացել էր Էլենի վեց տարին: Ծննդյան օրվա առթիվ ծնողները նրան ռոբոտ էին նվիրել, ռետինե զվարճալի մի հրեշիկ՝ Քսենա անունով: Իսկ իրենք նրան Տեսլա անվանեցին: Եվ չնայած Տեսլան ոչ մի բանով չէր տարբերվում մյուս ինտերակտիվ խաղալիքներից, սակայն Էլենը նրան բոլորից շատ էր սիրում:
Փոքրիկ Տեսլան շատ անուշիկ էր ու բարի: Նա կարողանում էր գլխով անել, շարժել ականջները, ձեռքերը, ծափ տալ, երգել, ծիծաղել ու լաց լինել կամ պարզապես իր ժպիտով ուրախացնել աղջկան, նաև կուչ եկած քնել նրա ձեռքերի մեջ: Հենց Էլենը սեղմում էր նրա ոտիկները, Տեսլան խույս էր տալիս և խոսում իր լեզվով. «Սպասի՛ր, ես դեռ քնած եմ»: Եվ նորից քնում էր: Հրեշիկն այնքան էր հմայել աղջկան, որ Էլենը միշտ անբաժան էր նրանից: Էլենի եղբայրը՝ Արթուրը, նրանից ութ տարով մեծ էր: Նա տասնչորս տարեկան էր: Բարդ հասակ, ընդ որում՝ ամբողջ ընտանիքի համար: Արթուրի գլխում միայն տեսախաղերն էին, իր ընկերուհի Յուլյան և ընկերները՝ համադասարանցիները, որոնց հետ նա ժամանակ էր անցկացնում սրճարանում և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին: Երբ էր հասցնում դասերը անել և սովորել գերազանց, առեղծված էր բոլորի համար: Տարիքային մեծ տարբերությունն էլ կանխորոշել էր այն պայմանները, որոնց մեջ ինքնուրույնաբար մեծանում էին երեխաները: Նրանք ընդհանուր հետաքրքրություններ չունեին: Այդ պատճառով էլ նրանց միջև առանձնահատուկ մտերմություն ևս գոյություն չուներ: Չնայած դրան՝ Էլենը միշտ զգում էր և գիտեր, որ կարող է հույսը դնել եղբոր վրա: Ուստի, երբ մտորում էր ապագա դպրոցի մասին, Էլենը մտածում էր. «Ու՞մ մոտ թողնեմ Քսենային: Գուցե Արթուրի՞: Ո՛չ: Արթուրը կմոռանա նրա մասին: Եվ Քսենան կմնա քաղցած, մրսած ու մենակ: Սակայն առջևում դեռ մի տարի էլ կա: Հնարավոր է, որ այդ ժամանակամիջոցում շատ բան փոխվի, և լուծումն էլ գտնվի»:
Եթե Էլենն իմանար, թե ինչ կերպ կմարմնավորվեին իր մտքերը…
Էլենը հաճախում էր մանկապարտեզ: Քսենան էլ՝ իր հետ: Էլենը տարված էր կերպարվեստով: Հետաքրքիր աշխատանքներ էլ ուներ: Ծնողները նրան թույլ էին տվել նկարազարդել իր սենյակի պատերը: Սենյակը կարծես կենդանացել էր պայծառ գույներից: Այն էլ այնպես, որ անգամ Տեսլան հիացմունքից ծափահարեց:
Էլենը խաղում էր մեծ թենիս: Հաջողություններ էլ ուներ: Աղջիկը սիրում էր հանգստյան օրերին իրենց տան բակում սեղանի թենիս խաղալ ծնողների հետ: Իսկ Քսենան հետաքրքրությամբ հետևում էր խաղին: